Մինչև հաջորդ տարվա հունվարի վերջ Սպիտակ տունը պետք է Կոնգրեսին ներկայացնի «կրեմլյան զեկույցը»՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ դաշնակիցներ համարվող բարձրաստիճան պաշտոնյաների և մեծահարուստների ցուցակը: Դա պահանջվում է օգոստոսին նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած «ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու պատժամիջոցների ցանկի» օրենքով:
Ինչու՞ է անհրաժեշտ ցանկը և ի՞նչ իրական հետևանքներ կունենա` «Կոմրեստանտին» տված հարցազրույցում պարզաբանել է Atlantic Council վաշինգտոնյան վերլուծական կենտրոնի փորձագետ, պատժամիջոցների քաղաքականության նախկին համակարգող Դենիել Ֆրիդը, որ 2005-2009-ին եղել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ: Ֆրիդի փոխանցմամբ, «կրեմլյան զեկույցում» հիշատակվելը չի նշանակում հայտնվել հնարավոր պատժամիջոցների ցանկում: «Կարծում եմ, այդ մարդիկ անմիջապես չեն բախվի ինչ-որ ֆինանսական դժվարությունների հետ, բայց ցուցակում հայտնվելու բուն փաստը կմեծացնի ապագայում պատժամիջոցների ենթարկվելու վտանգը, Թրամփի ստորագրած օրենքում չի ասվում, որ զեկույցը կդրվի նոր սանկցիոն ցուցակ կազմելու հիմքում, սակայն չեմ ուզում թաքցնել, որ Կոնգրեսում շատերը ցանկանում են հենց այդ նպատակով օգտագործել ցուցակը»,- նշել է Ֆրիդը և ավելացրել. «Այդպես էլ կարող է ստացվել, դա շատ հավանական է, և այդ կապակցությամբ ես հասկանում եմ, թե ինչու են հիմա Մոսկվայում շատերը նյարդայնացած»:
Սպիտակ տունը շատ ակտիվ է աշխատում զեկույցի վրա, իրենց մասնակցությունն ունեն ֆինանսների նախարարությունը, պետական դեպարտամենտը, այլ գերատեսչություններ: «Կրեմլյան զեկույցը» յուրօրինակ պատասխան է այն ամենին, ինչ տեղի է ունեցել 2016-ին, խոսքը նախ և առաջ ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության մասին է, բայց զեկույցը կարտացոլի ԱՄՆ-ի մտահոգությունը նաև Եվրոպայում ռուսների նմանօրինակ գործողությունների և ՈՒկրաինայի հանդեպ քաղաքականության նկատմամբ:
Թե որքանով են Վաշինգտոնում կարևորում զեկույցը, վկայում է փաստը, որ Կոնգրեսի երկու պալատներում՝ թե հանրապետականների, և թե դեմոկրատների գերիշխող մեծամասնությունը հավանություն է տվել «ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու պատժամիջոցների ցանկի» մասին օրենքին: Ֆրիդը «Կոմերսանտ»-ի թղթակից Ելենա Չեռնենկոյին ասել է, որ Վաշինգտոնում որևէ մեկին չի գոհացնում ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը: «Ես շատ կցանկանայի, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ լինեին այլ վիճակում, բայց Ռուսաստանը երկու պատերազմ է վարել հարևանների հետ, միջամտել է մեր ընտրություններին և այլ երկրների գործերին, Ռուսաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ այդ գործողությունները չեն կարող անհետևանք մնալ»,- ասել է Դենիել Ֆրիդը: