Նախագահ Սերժ Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Սերժ Սարգսյանն իր և հայ ժողովրդի անունից շնորհավորել է Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյակի առթիվ` ընդգծելով, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նա շատ մեծ աշխատանք է կատարելՎրաց ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել Համայն Վրաստանի պատրիարքին` հայ և վրացի ժողովուրդների բարեկամության համար նրա աղոթքների համար:
Սերժ Սարգսյանը և Իլյա Երկրորդը կարևորել են պետության և եկեղեցու միջև հարաբերությունները: ՀՀ նախագահը հայ ժողովրդի կյանքում մեծապես կարևորել է Հայոց եկեղեցու դերը` հատկապես պետականության բացակայության ժամանակաշրջանում, երբ եկեղեցին դժվարին իրավիճակներում փոխարինել է պետությանը՝ ամուր պահելով հավատքն ու պահպանելով ազգի ինքնությունը: Ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ բարեկամության ավանդույթները կառուցված են քրիստոնեական և մշակութային ընդհանուր արժեքների և պատմության ամուր հիմքի վրա: Նախագահ Սերժ Սարգսյանը և Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը երկուստեք կարևորել են Հայ առաքելական և Վրաց ուղղափառ եկեղեցիների դերը հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիպման ժամանակ հանրապետության նախագահը կաթողիկոս-պատրիարքին ներկայացրել է իր պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Մարգվելաշվիլու հետ հանդիպման արդյունքները` գոհունակությամբ նշելով կայացած արդյունավետ քննարկումները և ձեռքբերված պայմանավորվածությունները:
Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը Սերժ Սարգսյանին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոսին: