Ռուսաստանն իր դաշնակիցներին երբեք ընտրության առջև չի կանգնեցնում, բայց ակնկալում է, որ հարաբերություններում առաջնայնությունն իրեն կտրվի, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ»-ին՝ անդրադառնալով Եվրամիության հետ Հայաստանի կնքած համաձայնագրին:
«Մենք մեր հարևաններին ու դաշնակիցներին վերաբերվում ենք որպես կյանքի ու արտաքին քաղաքականության վերաբերյալ սեփական հայացքներն ունեցող մարդկանց: Մեր հարևաններն ինքնիշխան պետություններ են, դա վերաբերում է նաև ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի մեր դաշնակիցներին: Հասկանալի է, որ ժամանակակից աշխարհում նրանք զարգացնում են բազմաբևեռ շփումներ, դա միանգամայն բնական է 21-րդ դարում: Մենք երբեք մեր հարևաններին ու դաշնակիցներին ընտրության առաջ չենք կանգնեցրել, չենք հարցրել՝ «մե՞զ հետ եք, թե՞ նրանց»: Բայց մենք իրավունք ունենք ակնկալելու, որ առաջնայինը կլինեն դաշնակցային հարաբերությունները»,- ասել է նա։ Պնդելով, որ Ռուսաստանը որևէ մեկին ընտրության առջև չի կանգնեցնում և հանգիստ է վերաբերվում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը, Գրիգորի Կարասինը զգուշացրել է՝ Հայաստանը չի կարող այլ ձևաչափերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում ստանձնել պարտավորություններ, որոնք կհակասեն Կրեմլի հետ ձեռք բերված համաձայնություններին: Հետխորհրդային տարածաշրջանի վերաբերյալ ծավալուն հարցազրույցում Կարասինը ամենաքիչը Հայաստանին է անդրադարձել՝ ավելի շատ կենտրոնանալով ՈՒկրաինայի, Բելառուսի ու Մոլդովայի վրա: