Ռուսաստանը ողջունում է բանակցային գործընթացի ակտիվացումը, այդ թվում` նախարարների առաջիկա հանդիպումը, և հետաքրքրված է դրա արդյունավետությամբ` «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը` պատասխանելով հարցին, թե Մոսկվան ինչ ակնկալիքներ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հունվարին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից:
Կարասինի խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է բանակցային գործընթացի ակտիվացումը, այդ թվում՝ նախարարների առաջիկա հանդիպումը, շահագրգռված է նրա արդյունավետությամբ: «Մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի ձգտմանը` իրավիճակում փոխզիջումային տարբերակներ գտնելու համար: Մենք մեր հերթին Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերների հետ միասին կշարունակենք միջնորդական աջակցություն ցուցաբերել ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի այս միասնական դիրքորոշումը հստակորեն դրսևորվել է այս տարվա դեկտեմբերի սկզբին Վիեննայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպման ժամանակ 3 երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությանում»,- նշել է նա:
Դիվանագետը հիշեցրել է, որ 2017-ի հոկտեմբերին Ժնևում երկար ընդմիջումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ տեղի էր ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հայ-ադրբեջանական գագաթնաժողով: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել բանակցային գործընթացը և ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը:
«Այս առումով համանախագահները առանձին խորհրդակցություններ են անցկացրել այս տարվա նոյեմբերին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ, իսկ դեկտեմբերին կազմակերպել են նախարարների հանդիպումը Վիեննայում` ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում: Քննարկվել են կարգավորման հիմնական խնդիրները, որոնց շուրջ համաձայնություն չի հաջողվում ձեռք բերել: Բացի այդ, դիտարկվել են այն հնարավոր գործողությունները, որոնք հակամարտության գոտում իրավիճակի սրմանը կարող են հանգեցնել: Կողմերին ներկայացվել են հատուկ առաջարկություններ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հետ կապված: Նախարարները համաձայնել են շարունակել բանակցությունները այս և այլ հարցերի շուրջ 2018-ի հունվարին միջնորդների մասնակցությամբ»,-ընդգծել է Կարասինը: