Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԱՄՆ-ի և ԵՄ մի քանի երկրների հետ լարված հարաբերությունների մեկ տարուց հետո ջանում է վերականգնել բարիադրացիական հարաբերությունները արևմտյան երկրների հետ` գրում է New York Times-ը, սակայն, որոշ դեպքերում դա նրան այդքան էլ հեշտ չի տրվի:
Նոր տարվա նախաշեմին Էրդողանը, կարծես թե, որոշել է հրաժարվել իր կոշտ դիրքորոշումից ու առավել զիջողական քայլերի է գնում: Օրինակ՝ վերջերս արտասահմանյան ուղևորություններից մեկից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ հանդիպմանը Էրդողանը նշել է, որ Թուրքիան պետք է աշխատի նվազեցնել թշնամիների և ավելացնել բարեկամների թիվը: Ավելին՝ նա հայտարարել էր, որ Թուրքիան խնդիր չունի ոչ Նիդերլանդների, ոչ Գերմանիայի հետ և նրանց «հին ընկերներ» էր անվանել: Որոշ փորձագետներ այս իրավիճակը կապել են Թուրքիայում սպասվող ընտրություններին և նշել, որ նա ցանկանում է վերականգնել այն ընտրողների վստահությունը, որ հիասթափվել են Արևմուտքի հետ խնդիրների պատճառով առաջացած տնտեսական դժվարությունների և երկրում ներքին ճնշումների աննախադեպ աճի հետևանքով: