Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով իրադարձություններն Իրանում, իրանցի ժողովրդին հաջողություններ է մաղթել ազատության համար ազնիվ պայքարում։ Նա աջակցություն է հայտնել Իրանում զանգվածային ցույցերի մասնակիցներին և հայտարարել, որ եթե իշխանությունը Թեհրանում փոխվի, իրանցի և իսրայելցի ժողովուրդների միջև բարեկամություն կհաստատվի։ ՈՒղերձում, որը զետեղվել է նրա Թվիթերի էջում, Նեթանյահուն գրել է. «Ես լսել եմ նախագահ Ռոհանիի հայտարարությունը, թե Իսրայելն է կանգնած Իրանում ցույցերի հետևում։ Դա ոչ միայն սուտ, այլև ծիծաղելի է։ Իրանցիները լավագույնին են արժանի»։
Նրա խոսքով՝ Թեհրանի ռեժիմը վիթխարի գումարներ է ծախսում ազատությունների ճնշման, սոցցանցերի արգելման, այլախոհների ձերբակալելու վրա, մինչդեռ այդ գումարները կարելի է ուղղել հիվանդանոցների և դպրոցների շինարարությանը։
Վախի մթնոլորտի ստեղծումը չի օգնի Իրանի իշխանություններին, քանի որ այդ մարդիկ ողջամիտ են և պատրաստ են ռիսկի ենթարկել ամեն ինչ` հանուն ազատության։
Իսրայելի տրանսպորտի և հետախուզության հարցերով նախարար Իսրայել Կացն իրանցի ցուցարարներին մաղթել է «հաղթանակ ազատության և ժողովրդավարության համար պայքարում»՝ ընդգծելով, որ իր երկիրը չի միջամտում Իրանի ներքին գործերին։ Նրա խոսքով՝ եթե իրանցի ժողովուրդը կարողանա հասնել ազատության և ժողովրդավարության, Իսրայելի և տարածաշրջանի համար շատ սպառնալիքներ կանհետանան։ Նախարարն ընդգծել է, որ Իսրայելը պահպանում է հարևան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, այդ իսկ պատճառով, ի տարբերություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, իսրայելական իշխանությունները բողոքի ակցիաների շարունակման բացահայտ կոչ չեն անի։