Արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերից հետո Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հավելյալ ուժեր է տեղակայել բախումների էպիկենտրոն դարձած երեք նահանգներում, զգուշացնելով՝ ցուցարարները կպատժվեն ամենախիստ ձևով:
«Մեր թշնամիները պիտի իմանան, որ այս կարգի ապստամբություններն Իրանում չեն աշխատում»,- հայտարարել է կորպուսի հրամանատար Մոհամեդ Ալի Ջաֆարին՝ պնդելով, թե բողոքի ալիքն արդեն մարել է, ապստամբության փորձն էլ՝ ճնշվել: Քանի դեռ սոցիալական ցանցերն ու անկախ լրատվամիջոցներն Իրանում արգելափակված են, այս տեղեկությունը դժվար է ճշտել: Պետական լրատվամիջոցները պատմում են միայն իշխանություններին աջակցելու համար փողոց դուրս եկած ցուցարարների մասին:
«Մահ ԱՄՆ-ին, Իսրայելին ու Սաուդյան Արաբիային: Մեր երակներով հոսող արյունը մեր նվերն է առաջնորդ Խամենեիին»,- վանկարկում են նրանք արդեն երկրորդ օրը շարունակվող ցույցերի ընթացքում: Թեհրանը շարունակում է պնդել, թե բողոքի ալիքը կառավարվում ու հովանավորվում էր արտաքին ուժերի կողմից: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամ Ալի Հոշրուն բողոքի նամակ է հղել Անվտանգության խորհրդին՝ նշելով, թե ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ «անամոթաբար ու զավեշտալի միջամտում է Իրանի ներքին գործերին՝ ցուցարարներին սադրելով բռնության ու անկարգությունների»:
Մինչ իրանական կողմի այս բողոք-նամակի հղումը, Դոնալդ Թրամփը «Թվիթերում» գրել էր․ «Հարգում եմ Իրանի ժողովրդին, որը փորձում է տապալել կոռումպացված կառավարությունը, նրանք լուրջ աջակցություն կստանան ճիշտ ժամանակին»:
Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկը, անանուն մնալու պայմանով, չի բացառել, որ Թրամփի վարչակազմը կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել իրանցի այն պաշտոնյաների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք ոտնահարել են խաղաղ հանրահավաքների անցկացման ու խոսքի ազատության իրավունքն ու ճնշել ընդդիմադիր ցուցարարներին:
«Այս ամենի պատճառն իշխանությունն է, որը մտածում է միայն իր մասին»,- «Ռոյթերզի» հետ զրույցում ասել է Իրանի հանգուցյալ շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի ավագ որդին՝ ԱՄՆ-ում բնակվող թագաժառանգ Ռեզա Փահլավին:
«Գործող վարչակազմն օգտագործում է երկրի ռեսուրսները միայն հանուն իր իշխանության, իր բանակի, իր ծառաների ու իր նպատակների, լինի Սիրիայում, Լիբանանում, թե այլուր: Երկրի հարստությունը չի հասնում ժողովրդին: Ձեր կարծիքով` մարդիկ որքա՞ն կարող են համբերել, ձեր կարծիքով` որքա՞ն կարող են դիմանալ տնտեսական այդ դժվարություններին, գործազրկությանը, գնաճին, դիմանալ մի իրավիճակի, երբ նրանց շարունակաբար կոտրում ու ճնշում են»,- ասել է նա:
«Ստեղծված իրավիճակում Իրանի ժողովուրդը պետք է հույսը դնի միայն ու միայն իր վրա»` կարծում է թագաժառանգ Ռեզա Փահլավին, հավելելով․ «Իմ ուղերձն է իրանցիներին՝ եթե Արևմուտքը որոշի օգնել, շատ լավ է, և ակնկալում եմ՝ այդպես էլ կլինի, բայց եկեք հույսներս չդնենք դրա վրա»: