Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Փարիզ, ուր նախատեսված են բանակցություններ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այցից առաջ Էրդողանը Ստամբուլում հայտարարել է, թե մտադիր է ՆԱՏՕ-ի դաշնակից Ֆրանսիայի հետ քննարկել համագործակցությունը պաշտպանության ոլորտում, իրավիճակը Սիրիայում, Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ, Երուսաղեմի կարգավիճակն ու պայքարը ահաբեկչության դեմ:
Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ ասել է, թե անդրադառնալու է նաև Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման ու խոսքի ազատությունը ճնշելու դեպքերին: Մինչ Էրդողանի այցը «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը բողոքի ցույց է անցկացրել Փարիզում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ թուրքական բանտերում պահվող լրագրողների նկարներով: