Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը երեկ Armenews կայքում հրապարակել է հաղորդագրություն, որում իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փարիզյան այցի կապակցությամբ։ Ֆրանսիահայերն ակնկալում են Մակրոնի խիստ վերաբերմունքը Էրդողանի նկատմամբ, որ նա չքողարկի 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որի ժխտումը Թուրքիայի նախագահը դարձրել է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
Էրդողանի այցը բողոքների կատարյալ ալիք է բարձրացրել Ֆրանսիայում։ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը հատուկ հաղորդագրություն է տարածել, որում Էրդողանին ոչ միայն բռնապետ է որակել և իր համերաշխությունը հայտնել թուրք դեմոկրատներին, այլև հունվարի 6-ին փողոց դուրս գալու կոչ է հնչեցրել՝ «Փարիզում հինգ տարի առաջ սպանված երեք քուրդ ընդդիմադիրների հանդեպ ճշմարտությունը վերականգնելու համար»։ Ըստ իրավապահների, նրանց սպանության հետ առնչություն են ունեցել թուրքական գաղտնի ծառայությունները։