ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում ԱՄՆ-ը հայտարարել է վերջին շաբաթներին Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասնակիցներին իր լիակատար աջակցության մասին:
«Աշխարհը հետևում է Իրանի իշխանությունների գործողություններին»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ ընդգծելով, որ մարդու իրավունքները նույնպես խաղաղության և անվտանգության հարցեր են: «Երբ մարդիկ զրկված են իրենց հիմնարար իրավունքներից, դա նույնպես կայունության սպառնալիք կարող է ստեղծել»,- ասել է Հեյլին` հավելելով, որ ԱՄՆ-ն «ուս ուսի կանգնած է» այն մարդկանց կողքին, որ Իրանում պայքարում են ազատության համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունները հիմնականում իրենց աջակցությունն են հայտնել Իրանում մարդու իրավունքների պաշտպանությանը, սակայն ԱԽ անդամներից Ֆրանսիայի, Չինաստանի և Շվեդիայի ներկայացուցիչները նշել են, որ ՄԱԿ-ը հարմար հարթակ չէ` Իրանում ստեղծված կացությունը քննարկելու համար: Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներն էլ ԱՄՆ-ին մեղադրել են Անվտանգության խորհուրդը «Իրանի ներքին գործերին առնչվող խնդիրների քննակման մեջ ներքաշելու» մեջ: Նիստի ավարտին որևէ փաստաթուղթ չի ընդունվել: