Բաղդադը պատրաստակամություն է հայտնել բանակցել Իրաքյան Քրդստանի իշխանությունների հետ նավթային արտահանումների նոր պայմանավորվածությունների շուրջ` հայտարարել է Իրաքի նավթի նախարար Ջաբար Լուայբին, գրում է քրդական Rudaw կայքը: Նախարարը Էրբիլի հետ բանակցությունների պատրաստվելու հրաման է ստացել անձամբ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիից: «Հավատում եմ, որ բանակցությունները վերսկսման դեպքում դրական արդյունք կունենան»,- ասել է իրաքցի նախարարը:
Բաղդադի և Էրբիլի միջև նավթային ճգնաժամը չի գտնում իր լուծումն ավելի քան 10 տարի: Շաբաթներ առաջ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաղդադը մտադիր է ամբողջովին իր վերահսկողության տակ առնել Իրաքյան Քրդստանից նավթի արտահանումը: Իրաքում նավթի վաճառքի հարցերով զբաղվող պետական SOMO ընկերությունը հայտնել էր, որ այս պայմաններում հնարավոր չէ շարունակել Քիրկուկից թուրքական Ջեյհան նավթի մատակարարումն առանց պայմանագրի վերակնքման: