Իսրայելի կառավարության ռազմա-քաղաքական կաբինետի նիստում քննարկվել է հյուսիսային սահմանում իրավիճակն ու Սիրիայում ռազմական բազաներ ստեղծելու իրանական փորձերի հարցը, փոխանցում է Mignews.com-ը: Բանավեճից պարզ է դարձել, որ Բաշար Ասադը չի տրվում իրանական ճնշումներին և հրաժարվում է Սիրիայում մշտական ռազմական բազաներ ստեղծել։ Ասադը հրաժարվում է թույլ տալ իրանցիներին ՌԾՈՒ, նավատորմի կամ ցամաքային բազաներ կառուցել։
Որոշ ժամանակ առաջ Դամասկոս էր ժամանել Իրանի գլխավոր շտաբի հրամանատար Մուհամեդ Բաքրին և Ասադին առաջարկել էր Սիրիայում ստեղծել իրանական ռազմարդյունաբերական համալիր, որը կներառեր ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների կառուցումն ու իրանական բազաների տեղակայումը։ Նախարարները նիստի ընթացքում եկան այն եզրակացության, «որ Ասադը, ամենայն հավանականությամբ, հրաժարվել է առաջարկից՝ վախենալով Իսրայելի հարձակումներից»։ Հարցին, թե Իսրայելը պատրա՞ստ է գործել Սիրիայում իրանական ռազմաբազայի հայտնվելու «հենց հաջորդ օրը», էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք ոչ թե վաղը, այլ երեկ։ Մենք չենք համաձայնի, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը օգտագործվի Իրանի կողմից՝ այդ երկիրը Իսրայելի դեմ պատերազմի պլացդարմ վերածելու համար»: