Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկրներին աջակցել երկխոսությանը, որը կնպաստի Կորեական թերակղզում ստեղծված լարված իրավիճակի թուլացմանը, հայտնում է Reuters-ը: «Չափազանց կարևոր է աջակցել Կորեական թերակղզում երկխոսությանը նպաստող ցանկացած փորձի, որ հնարավոր լինի հաղթահարել վեճերը, զարգացնել փոխադարձ վստահությունն ու ապահովել կորեացի ժողովրդի, ամբողջ աշխարհի խաղաղ ապագան»,- ասել է պոնտիֆիկոսը:
Նա կոչ է արել օրենքի շրջանակում արգելել միջուկային զենքի կիրառումը և նախազգուշացրել է, որ «մեծ կոնֆլիկտը կարող է սկիզբ առնել պատահական ու չնախատեսված հանգամանքից»: Վատիկանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ ավանդական հանդիպման ժամանակ պապն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությանը՝ նշելով, որ հարցը պետք է ստանա թե հրեաներին, թե պաղեստինցիներին գոհացնող լուծում: