Հայաստանի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, մինչև մարտի վերջը կվավերացնի Եվրամիության հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Տարեվերջի նիստում կառավարությունը հավանություն տվեց փաստաթղթին և առաջիկայում, երբ Սահմանադրական դատարանը ևս դրական եզրակացություն տա, որպես օրենքի նախագիծ կուղարկվի ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով:
Երևանն ակնկալում է, որ գոնե մինչև 2019-ի կեսը Բրյուսելը կազդարարի համաձայնագրի վերջնական վավերացումը: Որպեսզի համաձայնագիրը վավերացնի Եվրոպական խորհրդարանը, պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում, որից հետո վերջնական վավերացման ներկայացվի Բրյուսել: