Իրանի կրոնական կենտրոն համարվող Ղոմ քաղաքում հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ասել է. «Մենք շատ ենք խոսել արտաքին թշնամիների մասին: Մենք հետախուզական տվյալներ ունենք արտաքին թշնամիների մասին: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք մեր թերացումների մասին: Մենք թույլ կետեր ունենք, կան ոլորտներ, որտեղ ամեն ինչ չէ, որ կարգին է, խնդիրներ կան: Սխալ է կարծել, թե մենք որևէ ներքին խնդիր չունենք, և արտաքին թշնամիները դրանք արհեստականորեն են ստեղծում: Եթե մենք ներքին խնդիրներ չունենայինք, արտաքին ցանցերն ի վիճակի չէին լինի միջամտել, և ԱՄՆ-ը ի վիճակի չէր լինի որևէ բան անել»:
Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել հստակ տարբերակում դնել փողոցներ դուրս եկող մարդկանց միջև: «Վերջերս տեղի ունեցած իրադարձությունները մի հստակ առանձնահատկություն ունեին: Մեծ տարբերություն կար ժողովրդի ազնիվ և արդարացված պահանջների միջև՝ մի կողմից, և [ցուցարարների] մեկ այլ խմբի կատաղի և ջարդարար պահվածքի միջև` մյուս կողմից: Այդ երկու խմբերը հարկավոր է տարանջատել»,- հայտարարում էր Խամենեին` հստակորեն ակնարկելով, որ սոցիալական կարգախոսներով հանդես եկող իրանցիների պահանջները կառավարությունը պատրաստ է լսել, իսլամական կառավարման համակարգի դեմ հանդես եկող որևէ ուժ կամ խումբ չի հանդուրժվելու: «Երբ հավաքվում է 100 կամ 500 մարդ, հայտնում է իր բողոքը` դա մի խնդիր է: Բայց գոյություն ունի մեկ այլ խումբ, որը օգտվելով առիթից` պղծում է Ղուրանը, վիրավորում իսլամը, այրում Իրանի դրոշը, մզկիթներ հրկիզում: Այս երկու խմբերը հակադիր բևեռներում են գտնվում»,- հայտարարում էր Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդը Ղոմի ելույթի զգալի մասը նվիրեց Դոնալդ Թրամփին: «Թրամփը պնդում է, թե Իրանի կառավարությունը վախենում է ամերիկացիների ուժից: Եթե մենք վախենում ենք ձեզնից, ինչպե՞ս ստացվեց, որ 70-ականներին մենք ձեզ Իրանից վտարեցինք, իսկ վերջին մի քանի տարիներին՝ նաև ողջ տարածաշրջանից»,- հեգնում էր Իրանի հոգևոր առաջնորդը: Խամենեիի հայտարարություններից մի քանի ժամ անց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեների ճնշող մեծամասնությամբ հատուկ բանաձև ընդունեց, որով միանշանակ աջակցություն է հայտնում իրանցի ցուցարարներին: