Հանրային քննարկման է դրվել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը շուտով կներկայացվի կառավարությանը։ Նախագիծը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով և Հայաստանի կառավարման համակարգի փոփոխությամբ։
Նախագծով ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները, սահմանվել է ԱԽ կազմը, կարգավորվել են գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները, նախատեսվել են ԱԽ որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը։ Նախագծի համաձայն, ԱԽ-ն պետական մարմին է, որը գլխավորելու է վարչապետը: ԱԽ-ն վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել Հայաստանի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: ԱԽ-ն պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ: Նախագծով առաջարկվում է, որ ԱԽ անդամներն են` վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, ԱԽ քարտուղարը, պաշտպանության և ԱԳ նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: ԱԽ գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով: ԱԽ նիստերը հրավիրում է վարչապետը, ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Ըստ նախագծի՝ ԱԽ-ն լսում և ի գիտություն է ընդունում պաշտպանության նախարարի կիսամյակային զեկույցները՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ: ԱԽ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են ԱԽ առնվազն 7 անդամների ձայներով, իսկ խորհրդատվական որոշումները՝ առնվազն 4 անդամների ձայներով: Նախագծում նշվում է, որ վարչապետը նշանակում և ազատում է ԱԽ քարտուղարին: Բացի այդ, ԱԽ-ն ունի քարտուղարություն, որի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատում է վարչապետը: Վարչապետն օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է ԱԽ քարտուղարության հանրային ծառայողներին:
Օրինագծի եզրափակիչ դրույթներով այս օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, այսինքն՝ ապրիլի 9-ից: Մինչ այդ, խորհրդարանը պետք է ընդունի օրինագիծը։ Փաստաթուղթը դեռ հանրային քննարկման փուլում է և հավանաբար փետրվարի 1-ից հետո կներկայացվի կառավարության դատին։