Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբամայի օգնականները ներողություն են խնդրել

Օբամայի օգնականները ներողություն են խնդրել
21.01.2018 | 13:09

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականներ Բեն Ռոդսը և Սամանթա Փաուերը ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, հաղորդում է Politico-ն:


Նրանք նշել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը չափից շատ էր անհանգստանում, որ կարող է վիրավորել Թուրքիային: «Դա սխալ էր: Մենք պետք է ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Բեն Ռոդսը, որն Օբամայի վարչակազմում եղել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ: «Ես ներողություն եմ խնդրում: Ես ցավում եմ, որ մենք հիասթափեցրինք այդքան մեծ թվով ամերիկահայերի»` ընդգծել է Օբամայի օրոք ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը:
Օբամայի օգնականները անկեղծացել են՝ պատասխանելով համացանցային հաղորդումներից մեկի ժամանակ հանդիսատեսի հարցին: «Նրանց հայտարարություններն անսովոր անկեղծ էին՝ հաշվի առնելով խնդրի զգայուն լինելը, որը տարիներ շարունակ անհանգստացրել է ԱՄՆ նախագահներին:


Պատմաբանները նշում են, որ 1915-ին սկիզբ առան 1,5 մլն հայերի կոտորածները: Ցեղասպանությունը տեղի ունեցավ Օսմանյան կայսրության փլուզման և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Թուրքիայի առաջնորդները հերքում են, որ իրենց երկրի հիմնադիր հայրերը կարող էին ցեղասպանություն իրականացնել՝ պնդելով, որ հայերի սպանությունները կազմակերպված բնույթ չեն կրել: Ամերիկացի, եվրոպացի պատմաբանների մեծամասնությունը համաձայն չէ թուրքերի հետ:


Թուրքիայի առաջնորդները երկար տարիներ զգուշացնում են, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում թուրք-ամերիկյան հարաբերությունները լուրջ վնաս կկրեն, ինչը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ը կկորցնի իր ռազմակայանը Թուրքիայի հարավում: Բազմաթիվ եվրոպական երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Politico-ն: 2008-ին, լինելով ԱՄՆ նախագահի թեկնածու, Բարաք Օբաման խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Նա այդ քայլն անելու բազմաթիվ շանսեր է ունեցել, այդ թվում` 2015-ին, երբ նշվում էր այդ գազանությունների 100-րդ տարելիցը: «Ամեն տարի մի պատճառ էր լինում: Թուրքիան կարևոր նշանակություն էր ունենում մեր ուշադրության տակ գտնվող որևէ հարցում, կամ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների միջև երկխոսություն էր ընթանում անցյալի վերաբերյալ: Անկեղծ ասած, կարծում եմ՝ այս ամենի դասն այն էր, որ պետք է դա անել առաջին տարում, եթե չարեցիր՝ ամեն տարի էլ ավելի է բարդանալու»,- ընդգծել է Ռոդսը: Փաուերը կարծիք է հայտնել, որ Էրդողանը կարողացել է «խաղացնել» ամերիկյան վարչակազմին: Նա այնպես էր ներկայացնում, որ եթե Օբաման «ցեղասպանություն» բառն արտասանի, կկանգնեցնի Թուրքիայի և Հայաստանի մերձեցման փորձերը: Նրա խոսքով՝ Օբաման միշտ մտածում էր, որ կարող է կատարել իր նախընտրական խոստումը և իրեն լավ զգալ ամերիկահայերի առաջ. «Բայց հետո՞, դա չէ՞ր խոչընդոտի հայ-թուրքական դիվանագիտական երկխոսությանը, որը գուցե ավելի հեռանկարային լիներ: Ես կարծում եմ՝ նա իսկապես հավատում էր, որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, դա էին նրան ասում տարածաշրջանն ուսումնասիրող մարդիկ»,- ընդգծել է Սամանթա Փաուերն ու հավելել. «Վերջնարդյունքում ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք չեն կարողանում հավատարիմ լինել իրենց խոստմանը, որը վերաբերում է անցյալի վերաբերյալ ճշմարտությանը: Պարզապես ասա ճշմարտությունը, երկարաժամկետ առումով դա ավելի անվտանգ է»:


«Ամերիկահայերը խոր հիասթափված էին, որ Օբաման չկատարեց իր խոստումը: Ռոդսի և Փաուերի մեկնաբանությունները շատ քիչ են մխիթարում նրանց, նրանք կարծում են, որ հիմա արդեն շատ ուշ է»,- գրում է պարբերականը:
«Սա այն հարցն է, որը պետք է ուղղել պաշտոնավարման ժամանակ: Ես կարծում եմ, որ այն, ինչ հիմա իրենք ասում են, այն ժամանակ լավ էլ հասկացել են»,- ընդգծել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նա հավելել է, որ կա ևս մեկ մարդ, ում շուրթերից կցանկանար նման խոսքեր լսել. «Նախագահ Օբաման պետք է բացատրի, թե ինչու չկատարեց իր խոստումը: Եվ ես կարծում եմ՝ նա պետք է մեզնից ներողություն խնդրի, նա պետք է ներողություն խնդրի ամերիկացիներից»:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ