Այժմ Հայաստանում ներդրումների համար լավագույն ժամանակն է` ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում: Նա պատմել է, որ Հայաստանը մտադիր է օտարերկրյա ներդրումների համար առավելագույն հարմար պայմաններ ստեղծել և թե կոնկրետ ինչ նախագծերում է ռուսական բիզնեսը ներդրումներ անելու «Հայաստանի ներդրողների ակումբի» ճանապարհային քարտեզի շրջանակում: Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 13-ին Երևանում «Տաշիր» ընկերությունների խումբը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Հայաստանի ներդրողների ակումբ» նախաձեռնության շրջանակում ներկայացրել են հանրապետության էներգետիկ ոլորտում ներդրումային ծրագիր՝ ընդհանուր ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով: 2015-ից «Տաշիր» ընկերությունների խմբի ակտիվի մեջ մտնող բաշխիչ ցանցերում ներկայիս էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվարկի ավտոմատ համակարգի ներդրման համար առաջիկա տարիներին կուղղվեն մոտ 900 միլիոն դոլարի ներդրումներ: Էներգետիկ ոլորտում «Տաշիր» ընկերությունների խմբի ևս մի ներդրումային նախագիծ կդառնա «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը, դրա համար կներդրվի մոտ 200 միլիոն դոլար: Իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր` «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը, մայրաքաղաքում նոր բնակելի համալիրի կառուցումը, իրականացման փուլում է Երևանում նոր «Նոյ» էթնիկ թաղամասի կառուցման նախագիծը, որտեղ բացի բնակելի համալիրից՝ տեղակայված կլինեն հյուրանոցներ, արվեստանոցներ և արհեստանոցներ: Նա նշել է Գյումրիում «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի վերականգնման նախագծի մասին և հավելել, որ նախապատրաստման փուլում են մի քանի մարզերում հիմնական զբոսաշրջային ուղղություններով ներդրումային ծրագրեր: Վարչապետը նաև ընդգծել է հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության ոլորտներում խոշոր ներդրումային նախագծերը:
«Հայաստանում օր օրի ավելի մեծ տարածում է ստանում օրգանիկ և ջերմոցային գյուղատնտեսությունը, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը միջազգային հեղինակություն ունի միրգ-բանջարեղենի վերամշակման, կոնսերվացման, չրերի և հյութերի արտադրության ոլորտներում, իսկ տեղի ջուրը և ալկոհոլային արտադրանքը դարձել են Հայաստանի այցեքարտը»,- նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ այդ բոլոր նախագծերի դրական ազդեցությունը կնկատվի աստիճանաբար` և սոցիալական, և տնտեսական դրական փոփոխությունների նոր փուլ կբացի, «միջազգային հարթակներում կամրապնդի Հայաստանի իմիջը՝ որպես երկիր, որտեղ հարմար է ապրել, հանգստանալ և բիզնես վարել»: «Ընդհանրապես, պետք է ասել, որ մեր հիմնական նպատակներից մեկը երկրում բիզնես վարելու համար առավելագույն հարմար պայմանների ստեղծումն է, և հաշվի առնելով վերոնշյալը՝ կարող եմ վստահեցնել, որ այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում բիզնես անելու համար»,- ասել է նա: