Հայաստանի և Իրանի հարաբերությունները 2 հազար տարվա պատմություն ունեն, և մենք քաղաքական կայուն երկխոսություն ունենք` Ֆրանսիա այցի ժամանակ L'Express պարբերականի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ երկրների միջև ձևավորվել է կայուն քաղաքական երկխոսություն, կան մշտական քաղաքական այցեր, և Հայաստանն այս երկրի հետ հարաբերություններ է պահպանում: «Ցանկանում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանը մշտապես չեզոք դիրքորոշում է պահպանել, չնայած Ադրբեջանը փորձում է օգտագործել ընդհանուր կրոնական գործոնը: Իրանի հետ հարաբերությունները դրական բնույթ ունեն, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ Հայաստանը հարգում է իր հարևաններին և նրանց մշակույթը»,- նշել է Սարգսյանը:
Ի պատասխան հարցին՝ Հայաստանին մտահոգու՞մ է Իրանի միջուկային ծրագիրը, ՀՀ նախագահը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015-ի հուլիսի համաձայնագիրը բացառիկ կառուցողական բնույթ ունի. «ՈՒրախությամբ կնշեմ, որ Ֆրանսիան աջակցում է այս համաձայնագրին, ինչի մասին նախագահ Մակրոնը հստակ է հայտարարել»: