Դավոսում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով:
«Ակցիոնայի» նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոզե Մանուել Էնտրեկանալեսի և «Ակցիոնա Էներջիի» (ACCIONA Energy) գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արևային և հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է, որ ընկերության կողմից Հայաստանում մեկնարկված ծրագրերն ընդլայնվեն և ընդգրկեն ոչ միայն վերականգնվող էներգետիկայի, այլև ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը, որտեղ բավականին լուրջ բարեփոխումներ են մեկնարկել։ «Ակցիոնայի» ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել վերականգնվող էներգետիկայի բնագավառում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրի կապակցությամբ և նշել, որ նախատեսում են տեսանելի ապագայում այցելել Հայաստան՝ տեղում ներդրումային այլ հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերին և զարգացման ուղղություններին: