Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ: Նրանք անդրադարձել են ժամանակակից աշխարհում տնտեսությունների զարգացման միտումներին՝ կարևորելով էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու թվայնացման ուղղությամբ աշխատանքները: Էստոնիայի վարչապետը ներկայացրել է իր երկրի հարուստ փորձն այդ բնագավառում՝ նշելով, որ Էստոնիան բավականին երկար ճանապարհ է անցել այս ուղղությամբ, և իրենք ուրախ կլինեն կիսել այդ փորձը: «Մենք նախատեսում ենք բավականին մեծ ծրագրեր իրականացնել այս ոլորտում, հետաքրքրված ենք ձեր փորձով և խորապես շահագրգռված ենք համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման հարցում»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Յուրի Ռատասին՝ Հայաստանին սատարելու համար: Նա ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներն ու ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ կառավարությունը վճռական է շարունակելու մեկնարկած բարեփոխումները մի շարք ոլորտներում, իսկ ստեղծված գործարար և ներդրումային միջավայրը հետաքրքիր կարող է լինել էստոնացի գործարարների համար: