Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է, որ իր բարեփոխական կառավարության աշխատանքով երկիրը որպես եվրոպական գերտերություն վերստին տեղ է գրավում գլոբալ զարգացումների էպիկենտրոնում: «Ֆրանսիան վերադառնում է»,- ասել է Մակրոնը:
Դիմելով բիզնես-վերնախավին, նա առաջարկել է համաշխարհային մակարդակով համագործակցել և «խուսափել հարկային համակարգի անզուսպ օպտիմալացումից»: Մակրոնը Դավոսում անգլերեն ելույթում ներկայացրել է իր կառավարության կազմած բարեփոխումների ծրագիրը: «Ֆրանսիայում արգելված էր ձախողվել, արգելված էր հաջողել, մանևրելու հնարավորությունները սահմանափակված էին, հիմա շատ ավելի հեշտ է ձախողվել և ռիսկի գնալ»,- ասել է 40-ամյա նախագահը, որ աշխատել է Ռոտշիլդի ներդրումային բանկում:
«Առևտրի բնագավառում մենք շարժվում ենք դեպի առավել ընդգծված պրոտեկցիոնիզմ և վերացնում գլոբալացման ապահոված նվաճումները»,- հայտարարել է Մակրոնը: Դավոսում նա ելույթ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից հետո, որ նույնպես ընդգծել է համաշխարհային ազատ առևտրի կարևորությունը: