ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Նա կենտրոնացել է իր նախագահության մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի տնտեսական հաջողությունների և ձեռքբերումների վրա: Թրամփն ասել է, որ վերջին 50 տարվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկությունը ամենացածր մակարդակի վրա է: Մեկ տարվա ընթացքում ստեղծվել է 2 միլիոն աշխատատեղ, հարկային բարեփոխումների և գործարարության կանոնակարգի պարզեցման հետևանքով ԱՄՆ-ում ստեղծվել են ներդրումներ կատարելու լավագույն պայմանները: Նա հայտարարել է, որ «բոլորի համար լուսավոր ապագա» ապահովելու համար անհրաժեշտ է ականջալուր լինել «մոռացված» մարդկանց։
Թե կոնկրետ ում է նկատի ունեցել ԱՄՆ նախագահը, նա չի հստակեցրել, սակայն ԱՄՆ-ում «մոռացված» են անվանում նրանց, ովքեր չեն մասնակցում քաղաքական կյանքին և պարբերաբար իրենց դիրքորոշումը չեն արտահայտում սոցցանցերում։ Վերլուծաբանների գնահատականով՝ քաղաքացիների հենց այդ կատեգորիան է հաղթանակ բերել Թրամփին նախագահական ընտրություններում։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը ապագայի հույս ունի, որտեղ յուրաքանչյուրը կարող է ծաղկել, և յուրաքանչյուր երեխա կարող է մեծանալ առանց բռնության սպառնալիքների և աղքատության։ Նրա կարծիքով՝ «ուժեղ, ծաղկող Ամերիկայի վերածնունդը» դիտվում է արդեն հիմա։ Վաշինգտոնը պատրաստ է «արդար և փոխշահավետ» առևտրային համաձայնագրեր կնքել ցանկացած այլ պետությունների հետ, այդ թվում` Խաղաղօվկիանոսյան գործընկերության մասնակիցների, որից ԱՄՆ-ը դուրս է եկել։ Թրամփը նշել է, որ իր նախագահության օրոք ԱՄՆ-ում բիզնեսի համար լավագույն պայմաններն են ստեղծվել, կրճատվել է կարգավորումների թիվը, բյուրոկրատիան ավելի հաշվետու և ճկուն է դառնում: Նա բոլորին կոչ է արել ներդրումներ անել ԱՄՆ-ում: Թրամփը նշել է, որ այժմ ԱՄՆ-ում բիզնես անելու լավագույն ժամանակն է:
ԱՄՆ-ը պատրաստ է աշխարհի բոլոր երկրների հետ երկկողմ փոխշահավետ առևտրային համաձայնագրեր բանակցել: Վերացվում են էներգետիկ ռեսուրսների արտահանման արգելքները, էներգետիկ արտահանման սահմանափակումները վերացվում են, որ ապահովվի ԱՄՆ բարեկամ երկրների անվտանգությունը, որ աշխարհում ոչ մի երկիր կախված չլինի մեկ մատակարարից:
Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն ավելացնելու է ծախսերը ռազմական ոլորտում, որովհետև առանց անվտանգության բարգավաճում չի կարող լինել: Նա նաև գործընկեր երկրներին կոչ է արել ներդրում անել սեփական անվտանգության ապահովման գործում:
Թրամփը խոսել է նաև ԱՄՆ ներգաղթի քաղաքականությունից՝ նշելով, որ այն հնացել է և բարեփոխման կարիք ունի: ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել այն մարդկանց, որոնք ներդրում կունենան երկրի բարգավաճման գործում: Նախագահն ընդգծել է, որ իր համար ամենից առաջ կարևոր են ամերիկացիների շահերը։