ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը, մեկնաբանելով Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հայտնել է, որ քննարկված թեմաների թվում էին ռազմական ռիսկերի նվազեցման հետ կապված հարցերը, այդ թվում` հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնումը:
«Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին, որը համակարգում է հավելյալ 7 դիտորդի գործունեությունը»,- ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է Իգոր Պոպովը: Նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով Շվեյցարիայում հոկտեմբերին կայացած հանդիպման շրջանակում ընդունված որոշումը, որ բանակցային գործընթացը պետք է ակտիվացնել ու հավելյալ միջոցներ կիրառել շփման գծում լարվածության թուլացման ուղղությամբ:
«Գագաթնաժողովից հետո ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին խորհրդակցել ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, օգնել ենք նրանց կազմակերպել 2 հանդիպում, որից վերջինը Կրակովում էր: Դրա ընթացքում քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցման հետ կապված հարցեր՝ այդ թվում հակամարտության գոտում ԵԱՀԿ առաքելության ընդլայնումը»,- նշել է Պոպովը՝ հավելելով, որ առաքելության ընդլայնման մեխանիզմի գործարկման համար դեռևս պետք է համաձայնեցվեն մի շարք տեխնիկական դետալներ: ՌԴ համանախագահի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ԼՂ համակամարտության կարգավորման ամենաբարդ կետերը, որոնք խոչընդոտում են կարգավորման գործընթացին: «Դրանք նոր չեն ու մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել են: Դրանք կապված են կարգավիճակին վերաբերող հարցերի լուծման ու տարածքային խնդրի կարգավորման հետ: Համանախագահների ներկայացրած տեսակետներն ուղղված են ընդունելի հանգուցալուծում գտնելուն: Ակնկալում ենք, որ փետրվարի առաջին տասնօրյակում մեր «եռյակի»՝ տարածաշրջան կատարելիք այցի և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ հանդիպման շրջանակում կհաջողվի հստակեցնել այդ հարցերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումը»,- շարունակել է Պոպովը:
Լրագրողի հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապված հստակ առաջարկներ ու որոշումներ կա՞ն, Պոպովն ասել է, որ իրենք՝ որպես միջնորդներ, կողմ են ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակմանը: «Այժմ մենք կարծում ենք, որ դրան այլընտրանք չկա: Միայն կողմերը կարող են քաղաքական կամք դրսևորելու միջոցով հանգել փոխզիջումային որոշումների, որոնք վերջ կդնեն ձգձգված հակամարտությանը»,- կրկնել է նա: Պոպովը հարցազրույցն ավարտել է՝ նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ջանք չի խնայի Երևանին ու Բաքվին ձեռնտու տարբերակներ ներկայացնելու համար:
«Երբ կողմերը պատրաստ կլինեն հանդիպման, հնարավոր կլինի երկու երկրների առաջնորդներին առաջարկել համապատասխան տարբերակները»,- եզրափակել է Պոպովը: