Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իվանիշվիլին նախագահի թեկնածու՞

Իվանիշվիլին նախագահի թեկնածու՞
29.01.2018 | 14:16

Վրաստանի ամենահարուստ գործարարը` «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կպայքարի՞ հինգերորդ նախագահի պաշտոնի համար` հարցը Թբիլիսիում ակտիվորեն քննարկվում է` շրջանառվող լուրերի և իշխող քաղաքական ուժից իրարամերժ ազդակների ֆոնին: Մեկնաբանելով Իվանիշվիլու հնարավոր առաջադրումը նախագահական ընտրություններում, պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարեց. «Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում աշխատելուց հետո որոշեց հեռանալ քաղաքականությունից: Բայց եթե որոշի վերադառնալ և մասնակցել ընտրություններին, ես այդ որոշումը միայն կողջունեմ»:

«Վրացական երազանքի» մեկ այլ առանցքային անդամ` խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն Իվանիշվիլու առաջադրման հեռանկարը քիչ հավանական է համարում.
«Իվանիշվիլին տարիներ առաջ է քաղաքականությունից հեռանալու որոշում կայացրել և այդ որոշումը չի փոխել: Ամեն դեպքում վստահ եղեք` ով ուզում է լինի «Վրացական երազանքի» թեկնածուն աշնանը կայանալիք ընտրություններում` նա լուրջ մրցակից չի ունենա»: Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները ևս քիչ հավանական են համարում Իվանիշվիլու առաջադրումը: «Կարծում եմ, որ Իվանիշվիլին չի հրաժարվի երկրի ոչ ֆորմալ կառավարչի կարգավիճակից` անձամբ քաղաքական պատասխանատվություն ստանձնելով»,- ասել է ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» խմբակցության անդամ Ռոման Գոցիրիձեն: Լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին չի բացառում այդ տարբերակը: «Ժողովրդավարական շարժում - Միացյալ Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն ասել է, որ հենց ինքն է լինելու Իվանիշվիլու հիմնական մրցակիցներից մեկը: Հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները վերջին ուղղակի ընտրությունները կլինեն: 2018-ին ընտրված նախագահը կպաշտոնավարի 6 տարի, 2024-ից Վրաստանի նախագահին կընտրի խորհրդարանը:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ