«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու՝ Մոսկվայում հրավիրած «Ընտրողների գործադուլ» բողոքի ակցիային 16 մարդ է բերման ենթարկվել։ Բերման ենթարկվածների թվում է նաև ինքը՝ Նավալնին։ Նրան տեղափոխել են ոստիկանության Յակիմանկայի բաժին։ Ավելի ուշ ոստիկանության բաժին է այցելել ՌԴ նախագահի թեկնածու, հաղորդավար Քսենիա Սոբչակը: Նա Նավալնուն ջուր և սնունդ է բերել։
Ռուսաստանի տասնյակ մարզերում Նավալնու հրավիրած բողոքի ցույցերի ժամանակ 250 մարդ է բերման ենթարկվել։ ԿԸՀ-ն դեկտեմբերին հրաժարվել է գրանցել Նավալնուն ՌԴ նախագահի թեկնածու՝ դատվածության պատճառով։
Նավալնին այս ցույցերով բողոքում է այդ արգելքի դեմ։ Օրավարտին Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել՝ ներկայանալու պարտավորությամբ: Նա իր Twitter-ի էջում հայտնել է, որ իրեն «ազատ են արձակել մինչև դատը»: