ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Ըստ նախագծի, վարչապետի լիազորությունների իրականացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի տեղակայման վայրը որոշում է կառավարությունը:
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է վարչապետը, որը չի կարող գերազանցել 600-ը: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավելի, քան տարեկան 150 միլիոն դրամի չափով:
Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1) նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26).
2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք)
3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ
4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ
5) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ
Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ: