Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, 2018 թ. անելիքներին: Նրան զեկուցվել է, որ նախորդ տարի ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում սահմանվել են նախագծման թույլտվության մեջ շենքերի և շինություննների ճակատների ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների համամասնությունների, գունային լուծումների և օգտագործվող շինարարական նյութերի վերաբերյալ պահանջները, պարզեցվել են ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերը: Մշակվել է ՀՀ բնակավայրերում նոր կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող շենքերի և շինությունների տանիքների նախընտրելի գունային լուծումները սահմանող ուղեցույց, որը ներկայացվել է ՀՀ մարզպետներին` համայնքներում քննարկելու և առաջարկություն ներկայացնելու համար: Կարեն Կարապետյանը կարևորել է իրականացված աշխատանքը և հանձնարարել կոմիտեին՝ բոլոր համայնքներում իրականացնել համապատասխան վերահսկողություն՝ շենքերի հետ կապված պահանջները պահպանելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:
Վերանայվել է համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը: Վարչապետը ընդգծել է.«Քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերն անհրաժեշտ է դարձնել ավելի կիրառելի և մատչելի, անհրաժեշտ է, որպեսզի դրանք մշակվեն քաղաքաշինության պետական կոմիտեի «խաղի կանոններին» համապատասխան»: