ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր վստահված անձանց հետ հանդիպմանը հայտնել է, թե չի տեսել ԱՄՆ-ի ֆիննախի «կրեմլյան ցուցակը», բայց կատակել է, որ իր համար «վիրավորական է» այնտեղ չլինելը: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը վնաս է հասցնում միջազգային հարաբերություններին, սակայն նա կատարյալ հիմարություն է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների ամբողջական դադարեցումը:
Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերություններ է կառուցելու այն չափով, որ չափ պատրաստ է ԱՄՆ-ը: «Ի՞նչ են նրանք ցանկանում: Նրանք իրենք իրենց համար պետք է որոշեն՝ ինչ են իրենք ցանկանում: Մենք գիտենք՝ ինչ ենք մենք ցանկանում. մենք ցանկանում ենք երկարաժամկետ, կայուն հարաբերություններ հաստատել՝ հիմնված հարաբերությունների միջազգային իրավունքի վրա»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Պուտինը նաև ընդգծել է, որ Մոսկվան առայժմ ձեռնպահ կմնա պատասխան քայլերից: «Մենք այդ ցուցակին սպասում էինք և, չեմ թաքցնի՝ պատրաստ էինք պատասխան քայլեր ձեռնարկել, ընդ որում՝ լուրջ, որոնք մեր հարաբերությունները կհասցնեին զրոյի: Մենք առայժմ ձեռնպահ կմնանք նման քայլերից»,-ասել է նա: