Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեության հանձնարարական տվեց: Նա նշեց, որ իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում բարեփոխումների արդյունքում համապատասխան գրանցումը իրականացվում է սեղմ ժամկետներում և հիմնականում առցանց եղանակով, բայց անհրաժեշտ է պարզեցնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի որոշումների հիմքերը, բացառել տարբեր մարմինների կողմից տնտեսավարողներից լիցենզիայի պատճենը պահանջելու պրակտիկան, ընդլայնել թվային գործիքների հասանելիությունը և դրանց շրջանակը։
Վարչապետը արդարադատության նախարարությանը հանձնարարեց 2 ամսում մշակել իրավաբանական անձանց գրանցման վերակազմակերպման, մերժման հիմքերի, լուծարման և այլ լիազորությունների իրացման ոլորտի պարզեցման, փակ բաժնետիրական ընկերությունների գրանցման ժամկետների լրացուցիչ նվազեցման առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ: Նա նաև կոչ արեց ընդլայնել առցանց եղանակով ծառայությունների մատուցման շրջանակը: Վարչապետը նաև տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից պետական մարմիններ, այդ թվում՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստր դիմումներ ներկայացնելիս էլեկտրոնային ստորագրության կիրառման գործիքակազմի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ: