Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ-ն կկարողանա օպերատիվ կյանքի կոչել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ կողմերի պայմանավորվածությունները` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ ասուլիսի ժամանակ:
Լավրովը նշել է, որ 2016-ի հունիսին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են ավելացնել դիտորդների թիվը շփման գծում:
«Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվել, կողմերը մոտ են կոնկրետ չափանիշների համաձայնեցմանը, և մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ-ն կօգնի արագորեն այն կյանքի կոչել»,- ասել է նա: Տարեսկզբից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Իտալիայի ԱԳ նախարարն ասել է, որ աջակցության ցանկացած ձևը չափազանց օգտակար կլինի նախանշված նպատակին հասնելու համար: «Մենք կարծում ենք, որ խոսքը բավականին կարևոր և դրական քայլի մասին է»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը: «Կարծում եմ, սա կլինի էական և տեսանելի աջակցություն հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու համար: Մենք հայտնում ենք ցանկացած տեսակի աջակցություն այն գործընթացներին, որոնք իրականացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Անջելինո Ալֆանոն: