Հայաստանը 111-րդն է Ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում՝ հայտնվելով հիբրիդային քաղաքական ռեժիմ ունեցող երկրների թվում: «Ժողովրդավարական ինդեքս-2017» զեկույցը պատրաստել է բրիտանական «Էկոնոմիստի» հետազոտական ընկերությունը` երկրները գնահատելով 0-10- բալանոց համակարգով: Միայն 8-ից բարձր միավոր ստացած երկրներն են դասակարգվել որպես «լիարժեք ժողովրդավարություններ»:
Ժողովրդավարության ինդեքսը հիմնված է 5 չափանիշի վրա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության աշխատանք, հնարավորություններ քաղաքական մասնակցության համար և քաղաքական մշակույթ: Հայաստանը հավաքել է 4,11 միավոր՝ անցյալ տարվա 3,88 միավորի փոխարեն: Հայաստանն ամենաշատ միավոր հավաքել է ընտրական գործընթացի և բազմակարծության, քաղաքական մասնակցության և քաղաքացիական ազատությունների չափանիշներով, իսկ ամենացածրը՝ կառավարության աշխատանքի և քաղաքական մշակույթի չափանիշներով:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանն ավտորիտար երկրների շարքից անցել է «հիբրիդային ռեժիմ» ունեցող երկրների շարք՝ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ, որոնք իշխանությունը նախագահից հանձնել են խորհրդարանին: Զեկույցի հեղինակները Հայաստանում մամուլի ազատության կարգավիճակը բնորոշել են «հիմնականում անազատ»՝ դասելով 109-րդ տեղում:
2017-ին ժողովրդավարության ինդեքսը հետընթաց է գրանցել աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Հետազոտությունն անցկացվել է 165 անկախ պետությունների և երկու տարածքների վերաբերյալ: Զեկույցի հեղինակների համաձայն՝ աշխարհում 19 երկիր կա լիարժեք ժողովրդավարությամբ, և դա կազմում է հետազոտությունում ընդգրկված բոլոր պետությունների 11,4 տոկոսը: «Լիարժեք ժողովրդավարության» պայմաններում ապրում է աշխարհի բնակչության 5 տոկոսից քիչը: Երկրորդ կատեգորիայի մեջ՝ «անբավարար ժողովրդավարություն», հայտնվել է 57 երկիր, երրորդում՝ «հիբրիդային ռեժիմ»՝ 39 երկիր, չորրորդում («ավտորիտար ռեժիմ»)՝ 52 երկիր: Ամենաժողովրդավարական երկիրը վարկանիշային ցանկում շարունակում է մնալ Նորվեգիան` 2010-ից: Լիարժեք ժողովրդավարական երկրների տասնյակում են Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Դանիան, Իռլանդիան, Կանադան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան: Ադրբեջանը դասվել է ավտորիտար երկրների շարքին՝ 148-րդ տեղում, Վրաստանը դասվել է հիբրիդային ռեժիմի երկրների շարքին՝ 79-րդ տեղում: Թուրքիան հայտնվել է 100-րդ տեղում, Իրանը՝ 150-րդ տեղում, Ռուսաստանը՝ 135-րդ տեղում՝ դասվելով ավտորիտար երկրների շարքին: