«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նալբանդյան․ Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից

Նալբանդյան․ Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից
03.02.2018 | 11:20

Հայոց ցեղասպանության ճանաչողներին «պոպուլիստ» անվանելու փոխարեն Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից` ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը:


Մևլութ Չավուշօղլուն «պոպուլիզմ» է որակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցված դրույթները: Էդվարդ Նալբանդյանը ասաց․ «Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է: Պարզ է, որ շուրջ մեկ դար շարունակվող ժխտողական քաղաքականությունը ձախողվել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում կարծրատիպերից»: «Անկարան չի խորշում աղավաղել ոչ միայն պատմական փաստերը, այլև ներկա իրողությունները՝ այդ թվում խեղաթյուրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները: Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից Թուրքիայի վարչապետին ուղղված բաց նամակում իրավացիորեն նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը լայնորեն վավերագրված է ԱՄՆ-ի և այլ երկրների, ներառյալ պատերազմական ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի հազարավոր պաշտոնական փաստաթղթերում, ականատես դիվանագետների, միսիոներների, ցեղասպանությունը վերապրածների վկայություններում, տասնամյակների բազմաթիվ պատմագիտական և իրավական ուսումնասիրություններում, անգամ Օսմանյան ռազմական տրիբունալի արխիվներում: Արժանահիշատակ է, որ ի թիվս շատ երկրների Գերմանիան և Ավստրիան ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլև ընդունել են պատասխանատվության իրենց բաժինը՝ որպես այդ ժամանակաշրջանում Թուրքիայի դաշնակիցներ»: «Միջազգային հանրության կողմից բազմիցս է շեշտվել, որ Ցեղասպանության ժխտողականությունը պարարտ հող է ստեղծում մարդկության դեմ հանցագործությունների կրկնության համար: Հայոց ցեղասպանության ճանաչողներին «պոպուլիստ» անվանելու փոխարեն, Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից, քաջություն ցուցաբերի սեփական անցյալին առերեսվելու համար»,- ամփոփեց Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ