Նախագահ Սերժ Սարգսյանը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին այցելել է առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն: Նա շրջել է ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքում, ծանոթացել աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին: Նախագահին ներկայացրել են հիվանդների հետ աշխատանքն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով կատարված կառուցվածքային փոփոխություններն ու նորամուծությունները:
Նորաբաց բաժանմունքն ունի առանձին ընդունարան, էլեկտրոնային առողջապահական համակարգ և անհրաժեշտ պլանային հետազոտությունների սենյակներ: Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ներկայացրել է վերջին տարիներին Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները և կենտրոնի գիտակլինիկական գործունեության, շենքային պայմանների, տեխնիկական վերազինման ուղղությամբ 2018-ին իրականացվելիք աշխատանքները: