Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է գնացել՝ ծանոթանալու 2017-ի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, 2018-ի անելիքներին:
«Չափազանց կարևոր է, որ մենք տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձևակերպել համայնքային և մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան չափորոշիչները, մաքսիմալ ընդգրկված լինեն զարգացման ծրագրերում, յուրաքանչյուր տարածք՝ մարզ, համայնք, կարողանանք բնութագրել թվային ցուցանիշներով, ամենայն մանրամասնությամբ՝ վթարային շենք, ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն, դպրոցների իրավիճակ, շինարարություն, այսինքն՝ չկա որևէ ինֆորմացիա, որը մենք կենտրոնացված այստեղ չպետք է ունենանք, ցուցանիշները, որով պետք է հաշվետվություն տան համայնքների ղեկավարները հասարակության առջև, մարզպետը, մարզպետի թիմերն իրենց ճյուղային պատկանելությունից ելնելով ինչպես են իրագործում այն քաղաքականությունը, որը ճյուղային նախարարություններն են իրագործում, լինի գյուղ, մշակույթ, բիզնես, կադաստր և այլն»,- ասել է վարչապետը: Նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ 2017-ը տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտներում հիմնարար փոփոխությունների և համակարգային սխեմաների ներդրման տարի է եղել: ՏԿԶՆ-ն չունի կառավարության ծրագրից բխող որևէ գերակա խնդիր կամ միջոցառում, որն սկսված չէ, ընթացքի մեջ չէ կամ ավարտված չէ: Քննարկումները ցույց են տվել, որ լրջագույն խնդիրը տեղական ինքնակառավարման մարմիններում է, որոնք չեն ունեցել համակարգային կանոնակարգված սկզբունքներ այն հիմնական հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են համայնքային տնտեսության զարգացմանը, եկամուտների ավելացմանը: Նախարարությունը 2017-ին ստեղծել է 10 մեթոդական աջակցության ձեռնարկ և փոխանցել համայնքներին: Մեթոդական ձեռնարկների կիրառմամբ խոշորացված 34 համայնքում տարեվերջին 1 մլրդ 125 մլն դրամի փոփոխություն է եղել՝ վարչական բյուջեից տեղափոխվել է համայնքի ֆոնդային բյուջե: Դավիթ Լոքյանը նշել է, որ 2017-ին համայնքների սեփական եկամուտները կազմել են 38,545.1 մլն դրամ (կատարողականը` 100,1 տոկոս): 2016 թ. համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 11,9 տոկոսով կամ 4,098.8 մլն դրամով, սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9,2 տոկոսով կամ 2,544.6 մլն դրամով: Քայլեր են ձեռնարկվում բազաների ճշգրտման և միասնական բազայի ստեղծման ուղղությամբ:
Վարչապետը կարևորել է համայնքների ողջ գույքի գրանցումը և առավելագույնս ճշգրիտ գույքահարկի հաշվառումը՝ հանձնարարելով տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ներկայացնել առաջարկություն: Նա անդրադարձել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներին՝ նշելով. «14 ցուցանիշներով գնահատում ենք մարզային մեր թիմերի աշխատանքները: Համեմատության մեջ ենք անելու. մենք հիմա մտածելու ենք՝ 14-ը մեծացնե՞նք, թե՞ չմեծացնենք, դաշտեր կան, որ դուրս են մնացել, որ անպայման մարզպետը և մեր թիմը տեղերում պետք է իմանա՞, թե՞ ոչ: 2018-ը պետք է վերջնական տարին լինի, որ հստակ ձևակերպվի, անընդհատ խաղի կանոն չփոխենք: Մենք ամբողջ դաշտը պետք է գծենք, վերջացնենք ու հասկանանք՝ եռամսյակը մեկ ինչ ենք ուզում, տարին մեկ ինչ ենք ուզում: Եթե մենք տարեցտարի հետևենք, գալու ենք մի վիճակի, որ լուծելու ենք ընթացիկ խնդիրները»: