Եվրամիությունը Շիրակում իրականացրել ու իրականացնելու է ծրագրեր, որոնց նպատակը նոր աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսական զարգացման խթանումն է` ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: ԵՄ ջանքերով Գյումրիում գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբացիոն լաբորատորիա, շուտով մեկ այլ շատ կարևոր ծրագիր կյանքի կկոչվի «Հայկական Կարիտաս»-ի հետ՝ օժանդակելով հաշմանդամություն ունեցող երեխաներին: «Հենց այս ծրագրի շրջանակներում, հավատացած եմ, մոտ ապագայում, Գյումրիում կբացվի հացի արտադրամաս ու սրճարան:
Բացի այս, շատ մոտ ապագայում, մարզային զարգացման ծրագրի շրջանակներում, ՀՀ տարածքային զարգացման նախարարության հետ միասին Ամասիայում կյանքի կկոչվի կես միլիոն եվրո արժողությամբ պիլոտային ծրագիրը։ ՈՒնենք նաև 2 մեծ ծրագիր՝ մշակույթի և կրթության ոլորտներում իրականացվելիք: Մոտ ապագայում նաև 1,5 մլն եվրոյի ծրագիր է իրականացվելու՝ օժանդակելով տեղական համայնքների զարգացմանը. հենց այս ծրագրերի շրջանակներում ուզում ենք հատկապես Աշոցքում և Արփիում զարգացնել բացօթյա ակտիվ հանգիստն ու զբոսաշրջությունը»,- նշել է Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ սա չի նշանակում, որ Եվրամիության ուշադրությունից այս տարի կվրիպեն Հայաստանի մյուս մարզերը: