Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր, որ հանրության մեծ մասի համար անակնկալ էր, մինչդեռ, ըստ ընդդիմության, քաղաքական վերնախավը պատրաստ էր զարգացումների նման տարբերակին:
«Արտահերթը» տարօրինակ է հնչում` օրենքով նախատեսված կարգով նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Անցած շաբաթ իշխող կուսակցությունը՝ «Եզի Ազերբայջանը», Ալիևին առաջադրել է նախագահության թեկնածու: Ադրբեջանի արհմիությունների 5-րդ համագումարն ընդունել է Ալիևին նախագահի թեկնածու առաջադրելու որոշում և խնդրել է նրան հավանություն տալ առաջարկին:
Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն արհմիությունների համագումարում խոսել է պետության ղեկավարին աջակցելու անհրաժեշտության մասին: «Արհմիություններն ընտրություններում միշտ սատարել են Իլհամ Ալիևին, մենք հավատում ենք, որ դուք այս անգամ էլ ձեր խոսքը կասեք, կոչ եմ անում ձեզ ակտիվորեն մասնակցել արտահերթ ընտրություններին»,- ասել է Հասանովը: