Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանն Արմեն Սարգսյանն ասել է, որ իրեն վստահված բարձր պատասխանատվությունը ստանձնելուց առաջ անհրաժեշտ էր խորհրդակցել այս մեծ հայկական ընտանիքի հետ, ինչպիսին է բրիտանահայ համայնքը։ Իր ելույթում նա կարևորել է առավել ժողովրդավարական երկիր կառուցելու և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում Հայաստանի քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, Հայաստան-Սփյուռք կապերի խորացումն ու ամրապնդումը։ Արմեն Սարգսյանը լսել է ներկաների կարծիքները, մտահոգություններն ու հուզող հարցերը։
Շատերն իրենց խոսքում նշել են, որ թե մարդկային և թե մասնագիտական առումներով դեսպանը լիովին կարող է այդ պաշտոնում լավագույնս դրսևորել իրեն, իսկ լայն կապերն ու հնարավորությունները ծառայեցնել ի շահ Հայրենիքի։
Բրիտանական հողում բնակվող հայկական մեծ ընտանիքն իր զորակցությունը հայտնեց Արմեն Սարգսյանին և կոչ արեց նրան գործի անցնել և միասնական ուժերով առաջ տանել հանուն Հայրենիքի բարօրության տարվող անչափ ծանր, բայց և՝ պատվելի աշխատանքը։