Ելույթ ունենալով «Մոսկվա» կինոթատրոնի հարթակից՝ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե թանկացումների վերաբերյալ խորհրդարանական լսումները իրականում ոչ թե գնաճը մեղմեցին, այլ դարձան «ձեռառնելիք»։ «Դա ծիծաղելի մի միջոցառում էր, որի ժամանակ, օրինակ, հայտարարվեց, որ գիտնականները պարզել են, որ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, դա է պատճառը, որ կարագը թանկացել է»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ թանկացումների վերաբերյալ պաշտոնյաների ներկայացրած պատճառներն ու այլ երկրների համեմատություններն իրականության հետ կապ չունեն։ «Ասում են` բենզինը թանկացել է՝ գազով երթևեկեք, գազը թանկացել է՝ ոտքով երթևեկեք։ Հիմա արդեն հումորային տարբերակ կա, ասում են կոշիկն էլ է թանկացել, ոտքով երթևեկեք, այնպես որ՝ ոտքով երթևեկելն էլ է դժվար։ ՈՒնենք ոչ ադեկվատ, քաղաքացու կյանքից կտրված իշխանություններ։ Այդ իշխանություններին քաղաքացիները պետք է իրենց համախմբվածությամբ ցույց տան իրենց տեղը»։