«Շվեյցարիան կարող է միայն ափսոսալ, որ հայ- թուրքական արձանագրությունները չեն իրագործվում»` ԱԺ-ում ասուլիսում հայտարարեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը:
«Աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում վերջին տասնամյակի ընթացքում: Շվեյցարիան կարող է միայն ափսոսալ, որ այդ արձանագրությունները չեն իրագործվում և շարունակում է մնալ այն համոզմանը, որ միայն խաղաղ գործընթացն է, որ կարող է խաղաղություն ապահովել ամբողջ Կովկասում: Կարծում եմ՝ փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում և Շվեյցարիայում խորհրդարանական ընտրություններից հետո, նոր լիցք կհաղորդեն խաղաղության հաստատման գործընթացին»,- ասաց Դոմինիկ դը Բյումանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասուլիսում հավելելեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմաններ առաջ չէր քաշել, մինչդեռ Անկարան որոշեց պայմաններ առաջադրել էր: Ազգային ժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, Դոմինիկ դը Բյումանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես մյուս ժողովուրդները, իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը, խնդրի լուծումն էլ հնարավոր է բանակցությունների միջոցով»: «Հայաստանը ներգրավված է ԵԱՀԿ-ի կարգավորման գործընթացում, և հրադադարի յուրաքանչյուր խախտում պետք է արձանագրվի ու փաստագրվի, որ միջազգային իրավական ատյանները կարողանան անդրադառնալ ու անհրաժեշտության դեպքում հակազդել: Այդպիսի մեխանիզմներ պետք է գոյություն ունենան ոչ միայն Հայաստանում: Նման մեխանիզմները պետք է գործեն հակամարտությունների պարագայում, կասեցնելու համար վերադարձը դեպի պատերազմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դոմինիկ դը Բյումանը:
Շվեյցարիայում ինչպե՞ս են վերաբերվում առաջիկա ապրիլից նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության հնարավոր հեռանկարին և ընդդիմության քննադատությանը, թե Սարգսյանն իր պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո չի պատրաստվում թողնել իշխանությունը` հարցին Դոմինիկ դը Բյումանը պատասխանեց․ «Յուրաքանչյուր երկիր ունի իր ինստիտուցիոնալ ինքնիշխանությունը: Շվեյցարիան հետևողական է ժողովրդավարության գերակայության պահպանման հարցում, սակայն երբեք չի կարող իրեն թույլ տալ՝ միջամտել այլ պետության ներքին գործերին»:
Շվեյցարիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դոմինիկ դը Բյումանն արձանագրեց՝ առաջին անգամ է, որ Շվեյցարիայի խորհրդարանի նման պատվիրակություն է գալիս Հայաստան: «Սա հայ-շվեյցարական հարաբերություններում նախորդ փուլերի ամրապնդումն է և նոր փուլի սկիզբը»,- ասաց նա։