Ամիսներ տևած լռությունից հետո Ստամբուլի նահանգապետարանն ի վերջո պատասխանեց Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրության անցկացման վերաբերյալ օգոստոսին ուղարկված դիմումին: «Ակօս» պարբերականի հաղորդմամբ՝ փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի ստորագրած նամակով թուրքական պատկան մարմինները հայտնում են, որ չեն ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին՝ իբրև պատրիարքական տեղապահ: 2017-ի մարտին քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ պատրիարքի տեղապահ էր ընտրվել հենց Բեքչյանը, որից հետո Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը փակուղի էր մտել: Իսմայիլ Գյուլթեքինի նամակում ընդգծվում է, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է, ուստի նոր պատրիարքի ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկան:
Նշվում է նաև, թե պատրիարք Մութաֆյանի առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն, հետևաբար՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում, իսկ տեղապահ Գարեգին Բեքչյանի ընտրության գործընթացը և նրա կայացրած որոշումներն անվավեր են համարվում:
Պոլսո Հայոց պատրիարքարանն առայժմ չի արձագանքել նահանգապետարանի նամակին: Համայնքային հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան, որտեղ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մասնակցությամբ հանդիպմանը կքննարկվի պատրիարքի ընտրության հարցի շուրջ առաջացած ճգնաժամը: Պոլսո «Ժամանակ» պարբերականը հրապարակելով Ստամբուլի նահանգապետարանից պատրիարքարան ուղարկված նամակը` գրում է, թե Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը փետրվարի 1-ին Անկարայում հանդիպել է նախարար Սուլեյման Սոյլուի հետ և քննարկել պատրիարքական ընտրությունների հարցը, իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն էլ օրերս զրույց է ունեցել Ստամբուլի փոխնահանգապետի հետ: «Երեկ նահանգապետարանից ստացված նամակի բովանդակությունից կարելի է ենթադրություններ անել նախորդած հանդիպումների մասին: Այժմ հայ համայնքը բախվել է անհեռատեսության ծանր հետևանքներին, իսկ պատրիարքական ընտրության հեռանկարը դարձյալ վտանգված է»,- գրում է «Ժամանակը»: