ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոն (հանրապետական) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ) ու ևս 29 կոնգրեսական կոչ են արել ֆինանսների նախարարին վերանայել Հայաստանի հետ գործող Կրկնակի հարկման համաձայնագիրը՝ նշելով, որ այն կնքվել է 40 տարի առաջ: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ նախարարությունն իր աշխատակազմից ռեսուրսներ կտրամադրի ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկման համաձայնագրի վերանայման համար: Դևիդ Վալադաոն նշել է, որ ամերիկյան և հայկական բիզնեսը սերտ կապեր ունեն, և ժամանակն է դադարեցնել կրկնակի հարկումը և շարունակել ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները՝ խրախուսելով երկու երկրների առևտուրն ու ներդրումները:
«Վաղուց ժամանակն է արդիականացնել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Սա ոչ միայն հնարավորություն է վերահաստատելու Հայաստանի հետ մեր բարեկամությունը, այլև ստեղծելու նոր հնարավորություններ ներդրումների և զարգացման համար»,- ասել է Բրեդ Շերմանը։