ԵՄ-ն անհանգստացած է ռազմական գործողությունից, որը Թուրքիան ծավալել է Սիրիայի հյուսիսում` հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում:
«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում նոր ռազմաճակատների հայտնվելու կապակցությամբ,- ասել է նա:- Նոր ռազմաճակատների բացումը խնդրի լուծում չէ և ավելի անվտանգ չի դարձնի Թուրքիան»: Նրա խոսքով՝ «կայուն անվտանգությունը կարող է ձեռք բերվել միայն քաղաքական լուծման հիման վրա, բանակցությունների ճանապարհով»: Մոգերինին համոզված է, որ «բոլոր ռազմական գործողությունները պետք Է կենտրոնանան ՄԱԿ-ի համապատասխան ցուցակում ներառված ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի վրա, այլ ոչ թե ուրիշ որևէ մեկի դեմ»: Եվրամիությունը, Մոգերինիի խոսքով, «հանձնառու Է Սիրիայի միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: