Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է պետդեպի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջետ Բրինկի գլխավորած պատվիրակությանը և ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ ԱՄՆ-ի կողմից ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը՝ ուղղված ՄԱԿ ԱԽ բանաձևերին համապատասխան ԼՂ հակամարտության արդար կարգավորմանը։ Նախարարը նշել է, որ միջազգայնորեն ճանաչված սահմաններն ուժի կիրառմամբ խախտելու փորձերն անընդունելի են։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։
Խոսելով Ադրբեջանում արմատական տնտեսական բարեփոխումների մասին՝ նախարարը նշել է տնտեսական ոլորտում կապերի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման կարևորությունը, որ ամերիկյան ընկերություններն ավելի շատ ներկայացվեն Ադրբեջանի ոչ նավթային ոլորտում։
Ընդգծելով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանն առնչվող քաղաքական երկխոսության ընդլայնման կարևորությունը՝ Բրինկն ասել է, որ ԱՄՆ-ն առանձնահատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին, նշել է երկկողմ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը։
Բրինկը բարձր է գնահատել Ադրբեջանի ներդրումն Աֆղանստանում խաղաղարար գործողություններում՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են կարևոր էներգետիկ և տրանսպորտային նախագծերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրու Շեֆերը։