Եվրամիությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության հարցում կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված պայմանավորվածություններին և կակտիվացնեն բանակցային գործընթացը` Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:
«Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում նախագահների մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր զարգացում է, և մենք կուզենայինք, որ կողմերը հետևեն իրենց պայմանավորվածություններին՝ բանակցային գործընթացն առավել ինտենսիվ դարձնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ստատուս քվոն, մեր կարծիքով, կայուն չէ: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային նորմերին համապատասխան: Եվ մենք կրկին մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու առաջարկներին»,- ասել է Մոգերինին:
Էլմար Մամեդյարովը հայտարարել է՝ ղարաբաղյան հարցն Ադրբեջանի ամենամեծ մարտահրավերն է: Կարգավորման առնչությամբ էլ Մամեդյարովը դարձյալ հիշատակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնցում կոչ է արվում «դուրս բերել հայկական զորքերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:
«Մենք ընդունում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի, և այդ կարգավորումը նախ և առաջ պետք է հիմնված լինի իմ երկրի տարածքային ամբողջականության վրա, ինչը նշված է ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերում․դրանց պետք է բոլոր անդամ երկրները հետևեն»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Ղարաբաղյան խնդրից բացի՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը եվրոպական կողմը բարձրացրել է ժողովդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Ապրիլին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից առաջ՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է՝ դա շատ կարևոր է Բրյուսելի համար: «Մենք քննարկեցինք ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իարվունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Սա մեր փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերությունների ամուր հիմքն է, Եվրամիությունը մշտապես ընդգծում է, որ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք իրագործումը կենսական նշանակություն ունի: Սա նշանակում է՝ հաշվի առնել այն խորհուրդները, որ տրվել են ընտրությունների կազմակերպման, հանրահավաքների ու մամուլի ազատության վերաբերյալ: Մենք համոզված ենք, որ կենսունակ քաղաքացիական հասարակությունն առանցքային նշանակություն ունի ժողովրդավարության համար և կշարունակենք մեր աջակցությունն այս ուղղությամբ»,- հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին: