ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը փետրվարի 8-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Գերմանիա ժամանած սիրիահայ գործարարներ խմբին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Սիրիահայ գործարարները և Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության ներկայացուցիչները ՀՀ դեսպանին հակիրճ ներկայացրել են իրենց այցի նպատակը և հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ողջունելով հյուրերին` դեսպան Սմբատյանը նշել է, որ Սիրիայից մեր հայրենակիցների ընդունումը, նրանց կեցության ապահովումը և լիարժեք ինտեգրումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Հայաստանը հանձնառու է առավելագույնս նպաստել Սիրիայից փախստականների առջև ծառացած խնդիրների լուծմանը, և այս ճանապարհին մեծապես կարևորում ենք նաև մեր եվրոպացի գործընկերների` գերմանացիների աջակցությունը` ուղղված ինտեգրման, մասնավորապես գործարար ոլորտում նրանց կայացման գործընթացն առավել հարթ դարձնելուն: