«Եթե ԱՄՆ իշխանությունները շարունակեն օժանդակել սիրիացի քրդերին, դա անխուսափելիորեն կազդի Թուրքիայի հետագա քաղաքական քայլերի վրա»,- Անկարայում «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Մեր ռազմավարական դաշնակցի այս որոշումը` ֆինանսական օժանդակություն ցուցաբերել [սիրիացի քրդերի] «Ժողովրդավարական միություն» կուսակցությանն ու «Ժողովրդական պաշտպանության ուժերին», անխուսափելիորեն ազդելու է մեր հետագա որոշումների վրա»,- ասել է Էրդողանը` մեկնաբանելով վերջին օրերին շրջանառվող տեղեկությունները, որ 2019 ֆինանսական տարում Պենտագոնը նախատեսում է 300 միլիոն դոլար ծախսել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» մարտիկների մարզումները կազմակերպելու և սպառազինություն տրամադրելու համար:
Անկարայում համոզված են, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կորիզը կազմող քրդական ջոկատները ահաբեկչական կառույցներն են և կապ ունեն Թուրքիայի հարավ-արևելքում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների հետ:
Էրդողանի համոզմամբ` ամերիկացիները շարունակում են անտեսել, որ քրդական ուժերի զգալի մասը կազմված է ահաբեկչական ճանաչված կառույցների զինյալներից․ «Այն մարդիկ, որոնք կանգնում են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների կողքին, իսկ հետո հայտարարում են, թե որևէ նշան չկա, որ նրանք այդ կառույցի անդամներ են, կամ մոլորության մեջ են, կամ կույր են, կամ էլ` հիմար: Ես շատ հստակորեն կարող եմ ասել՝ ովքեր պնդում են, թե մեր հարվածներին ի պատասխան կարող են ագրեսիվ գործողությունների դիմել, երբեք չեն զգացել օսմանյան ապտակի ուժգնությունը»:
Ռեջեփ Թայիբ Էրդողանը պնդում է, որ քրդաբնակ Աֆրինի հանդեպ լիակատար վերահսկողություն սահմանելուց հետո թուրքական ուժերի հաջորդ թիրախը լինելու է Մանբիջը: Թուրքական հարձակումը չի կանգնեցնի, որ Մանբիջում, քրդական ջոկատների հետ մեկտեղ, ամերիկյան ստորաբաժանումներ են տեղակայված:
Էրդողանն անդրադարձավ նաև Կիպրոսի շուրջ վերջի լարվածությանը: Թուրքիայի ռազմածովային ուժերը խոչընդոտեցին իտալական ENI էներգետիկ կոնցեռնի նավերից մեկին հետախուզական գործողություններ իրականացնել Միջերկրականի այն հատվածում, որտեղ գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել: Միջերկրականի այդ հատվածը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու մաս է կազմում: Անկարայի համոզմամբ` Կիպրոսի գազային պաշարների հետախուզմամբ և հետագա արդյունահանմամբ պետք է զբաղվեն կղզու ոչ միայն հունական, այլև թուրքական հատվածի իշխանությունները: «Մեր ռազմանավերը, օդուժը, ուժային մյուս կառույցները ուշի ուշով հետևում են զարգացումներին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ցանկացած միջամտության: Մենք խորհուրդ ենք տալիս Կիպրոսի ափամերձ գոտում գործունեություն ծավալած օտարերկրյա ընկերություններին չգերագնահատել իրենց կարողություններն ու չանցնել չափերը` կիպրոսցի հույների ձեռքում գործիքի վերածվելով»,- հայտարարել է Էրդողանը: