Թուրքական diken.com.tr կայքն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերանշանակմանն ու Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հրաժարականին: «Ստամբուլի նահանգապետարանի կողմից «այսպես կոչված տեղապահ» անվանված Բեքչյանը լքեց Թուրքիան», գրում է կայքը՝ նկատելով, որ ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն անպատասխան է թողել Բեքչյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններն անհապաղ կազմակերպելու առնչությամբ նամակ-դիմումները: Կայքը ընդգծել է, որ Ստամբուլի նահանգապետարանը խոչընդոտել է հայ համայնքի սկսած ընտրական գործընթացին: Բեքչյանը լքել է Թուրքիան պետության՝ ընտրական գործընթացին միջամտությունից հետո:
Հոդվածում մեջբերվել է Բեքչյանի հրաժեշտի նամակի այն խոսքերը, որոնցով նա պատմել է արդար ու թափանցիկ ընտրության անցկացմանը խոչընդոտող հանգամանքների մասին ու ավելացրել, որ դրանք չափից դուրս ցավեցնող ու վիրավորական են եղել իր համար: diken.com.tr-ը նաև շեշտել է, որ Աթեշյանը հենց պետության աջակցությունը վայելող թեկնածու էր, որն էլ ի վերջո վերադարձավ այն պաշտոնին, որից հեռացել էր հայ համայնքի ճնշման տակ: