Իրանն առայժմ Հայաստանին ավելի էժան գազ չի առաջարկել, քան ռուսականն է` ասել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ մեկնաբանելով Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հայտարարությունը, որ Իրանը գազամատակարարումների բանակցություններ է վարում և «հարմար գներ» առաջարկում:
Փոխնախարարը նշեց, որ գնային կոնկրետ առաջարկներ ստացել են, սակայն հրաժարվեց հրապարակել, թե իրանցիները ինչ գներ են առաջարկում: «Առայժմ բանակցություններ են վարվում: Երբ մեզ ավելի կոնկրետ գին առաջարկվի, այդ հարցը կքննենք: Դեսպանն ինչու է նման հայտարարություն արել, իրեն հարցրեք, ես նրա հայտարարությունները չեմ մեկնաբանի»,- ասաց Հարությունյանը: Նրա խոսքով՝ Հայաստան իրանական գազի մատակարարումների հարցը մշտապես օրակարգում է: «Իրանը շահագրգռված է գազի արտահանման մեծացմամբ, Հայաստանը շահագրգռված է ավելի մատչելի գնով գազի ձեռքբերմամբ: Բանակցությունների ընթացքում մենք բազմիցս նրանց ասել ենք, որ այլընտրանքային մատակարարումների կարիք ունենք, սակայն իրանցիները մինչև հիմա մեզ ավելի ցածր գներ չեն առաջարկել»,- շեշտեց նախարարը: