Իսրայելի Կնեսետի լիագումար նիստում առաջին անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության օրը նշելուն վերաբերող նախագիծը և ձայների 41 դեմ, 28 կողմ հարաբերակցությամբ մերժվեց: Նախագծի հեղինակը «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր: Նա խոսեց 3 րոպե, իր ելույթում հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939-ի խոսքերը՝ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»: «ՈՒ քանի որ չենք խոսում ցեղասպանությունների մասին, դրանք կրկնվում են»,- ասաց «Յեշ Աթիդի» խմբակցության ղեկավարը: Պատգամավորներից շատերը հարց էին հնչեցնում՝ ինչու՞ է հիմա ներկայացվում նախագիծը, ինչին ի պատասխան՝ «Յեշ Աթիդի» խմբակցության ղեկավար Լապիդն ասում էր․ «Այս հարցը պարզ խնդիր չէ, բանավեճի խնդիր չէ, պարզ բարոյական հարց է, թե մենք՝ հրեաներս, կարո՞ղ ենք ժխտել ցեղասպանությունը: Սա ընդդիմության և իշխանական տեսակետների հարց չէ, սա հրեաների և ոչ հրեաների խղճի հարցն է»:
Իսրայելի ԱԳ փոխնախարար Ցիպի Խոտովելին քննարկման ժամանակ ասաց․ «1991-ին Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայաստանի ԱԳ նախարարության հիմնական նպատակը դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: 2015-ին Հայաստանի կառավարությունը նպատակ էր դրել, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Իսրայելը պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Երեքն էլ չճանաչեցին: Այս խնդիրը մի քանի անգամ քննարկվել է, բայց մեր դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Շատ կարևոր է ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը, և մենք՝ հրեաներս հասկանում ենք դա, բայց չենք կարող փոխել մեր արտաքին քաղաքականությունը, քանի որ կան դիվանագիտական մեծ խնդիրներ»:
Իր ելույթից հետո Իսրայելի ԱԳ փոխնախարարն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին: Քննարկման ժամանակ հնչեցին փոխադարձ մեղադրանքներ: Այս օրերին Իսրայելում գտնվող հայկական խորհրդարանական պատվիրակության անդամները չեն ցանկացել ներկա գտնվել Կնեսետի քննարկումներին և քվեարկությանը: